Հայաստանի մի շարք իրավապաշտպան հասարակական կազմակերպություններ, որոնց թվում է ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, Հայաստանի հելսինկյան կոմիտեն, Երևանի մամուլի ակումբը, «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, այօսր ներկայացրեցին իրենց դիտարկումները 2012թ. խորհրդարանական ընտրությունների նախաշեմին ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
Հայաստանի հելսինկյան կոմիտեի փորձագետ Ավետիք Իշխանյանը նշեց, որ ընտրությունների ժողովրդավարական չափանիշներին համապատասխան անցկացումը պայմանավորված չէ միայն ընտրարշավի ընթացքում եղած դիտարկումներով, այլ նախորդ ընտրություններից մինչև այս ընտրություններն ընկած ժամանակահատվածի դիտարկմամբ:
Ընտրողների իրավունքի իրացման վերաբերյալ կազմակերպությունները եկել էին հետևյալ եզրակացության՝ արտասահմանում գտնվող ՀՀ մոտ 600-700 հազար քաղաքացիներ զրկվում են այնտեղ՝ դիվանագիտական ներկայացուցչություններում քվեարկելու իրավունքից:
Կազմակերպությունները որպես խախտում նշեցին նաև վարչական ռեսուրսի օգտագործման չարաշահումը. տվյալ դեպքում ոչ թե միայն օրինակ ծառայողական մեքենայի օգտագործումը ընտրարշավի համար, այլ առավել վտանգավոր երևույթներ, որոնք իրենց էական ազդեցությունն են ունենում ընտրությունների արդյունքի վրա. մարզպետները գյուղապետներից պահանջում են իրենց գյուղերում որոշակի քանակի ձայներ ապահովել այս կամ այն կուսակցության օգտին:
ՀԿ-ները նշեցին, որ ԶԼՄ-ներն այս տարի անհամեմատ ավելի բազմակողմանի են լուսաբանում նախընտրական քարոզարշավը:
Նրանք հիմնականում սա բացատրում են ընտրությունների նկատմամբ միջազգային կառույցների առջև ՀՀ իշխանությունների ստանձնած պարտավորությունենրով և որոշակի գործոններով: ՀԿ-ները նշեցին, որ այս միտումը կարելի է արժևորել միայն այն դեպքում, եթե նման իրավիճակը պահպանվի նաև հետընտրական ժամանակահատվածում:





