AM
25 Մայիս 2004 - 15:07 AMT

ՀԱՅԿԱԿԱՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ

Մոսկվայում տեղի է ունենում «Լեռնային Ղարաբաղ. լճացումից դեպի առաջընթաց» թեմայով «կլոր սեղան», որին մասնակցում են հայ եւ ադրբեջանցի փորձագետներ եւ ձեռներեցներ, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներ: Միջոցառումն անցկացվում է Համաշխարհային խաղաղարար կազմակերպության (ՀԽԿ) հովանու ներքո: Ինչպես ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությանը տեղեկացրել է ՀԽԿ նախագահ Վադիմ Իժեւսկին, համաժողովի հիմնական նպատակներից մեկը հանդիսանում է ղարաբաղյան հակամարտությունում ներգրավված կողմերի ավելի սերտ երկխոսության համար պայմանների ստեղծումը` ռուսաստանյան կողմի ակտիվ մասնակցությամբ: «Նման հանդիպման արդյունքներն ընդունակ են դրականորեն ազդել Հայաստանի եւ Ադրբեջանի հետ Ռուսաստանի հարաբերություններին»,- նշել է նա: «Մենք գտնում ենք, որ Ռուսաստանը պետք է օժանդակի հայկական եւ ադրբեջանական սփյուռքի քաղաքական եւ տնտեսական ներուժի օգտագործմանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար` ժողովրդական դիվանագիտության օգնությամբ»,- ասել է Իժեւսկին: