Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանն այսօր ուրուգվայցի գործընկեր Լուիս Ալմագրոյի հետ համատեղ մամլո ասուլիսում նշել է, որ, չնայած նրան, որ Ուրուգվայը և Հայաստանը գտնվում են միմյանցից հազարավոր կիլոմետրերի հեռավարության վրա, նրանք բարեկամական երկրներ են: Նալբանդյանն ասել է, որ կարիք չկա հիշեցնել այն մասին, որ Ուրուգվայն առաջին երկիրն է, որը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Նա նաև շնորհակալություն է հայտնել նրա համար, որ Ուրուգվայը երկրորդ հայրենիք է դարձել Հայոց ցեղասպանությունից փրկված հայերի համար: Բացի դրանից, Նալբանդյանը հիշեցրել է, որ այս տարի լրանում է երկու երկրների միջև դիվանագիտաան հարաբերությունների 20-ամյակը:
«Այսօր մենք անդրադարձել ենք երկկողմանի հարցերի լայն շրջանակի՝ իրավական ոլորտում փոխազդեցության և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման: Մենք նաև քննարկել ենք առողջապահության և զբոսաշրջության ոլորտներում փոխազդեցության հարցերը»,- ասել է Նալբանդյանը:
Նա նաև նշել է, որ իրենք քննարկել են մի շարք միջազգային և տարածաշարջանային հարցեր, և այդ քննարկման շրջանակներում Նալբանդյանն իր ուրուգվայցի գործընկերոջն է ներկայացրել ղարաբաղյան գործընթացի շուրջ վերջին զարգացումները: Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել Ուրուգվայի ԱԳՆ-ին ղարաբաղյան կարգավորման հարցում իրենց երկրի դիրքորոշման համար:
Իր հերթին Ալմագրոն նշել է, որ իր համար մեծ պատիվ է լինել Ուրուգվայի արտգործնախարարության առաջին ղեկավարը, ով այցելել է Հայաստան: Նա նշել է, որ Հայաստանը և Ուրուգվայն ունեն քննարկման ենթակա հարցերի լայն շրջանակ, առաջին հերթին տնտեսական համագործակցությունը խորացնելու ոլորտում: Նա նշել է, որ երկու երկրների հարաբերությունների քաղաքական մակարդակն իդեալական է:





