AM
4 Մայիս 2012 - 11:11 AMT

ԱՄՆ դիտորդ. Հայաստանն ունի ընտրացուցակների վստահելիության խնդիր, սակայն դա բնական երևույթ է

Հայաստանն ունի ընտրացուցակների վստահելիության խնդիր: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց Ընտրակարգերի փորձագիտական կենտրոնի միջազգային առաքելության (ICES) անդամ Լիդիա Լոուսոնը:

«ՀՀ Ընտրական նոր օրենսգրքում արտահայտված է արդար ընտրությունների անցկացման մտադրությունը, և ընտրացուցակները հասանելի էին ընտրություններից գրեթե մեկ ամիս առաջ: Ինչ վերաբերում է իրական և կեղծված ընտրացուցակներին, ապա ակտիվ միգրացիա ունեցող երկրի համար սա բնական երևույթ է: Ի վերջո պետք չէ բացառել, որ մարդիկ կարող են գալ Հայաստան, քվեարկել ու նորից հետ գնալ»,- ասաց ԱՄՆ ներկայացուցիչ Լիդիա Լոուսոնը:

Ապրիլի 8-ից իրականացվող դիտարկումների ընթացքում դիտորդական խմբի փորձագետները ուսումնասիրել են ՀՀ Ընտրական օրենսգրքի, գործող ընտրական համակարգի, էլեկտրոնային լրատվամիջոցների, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատանքների մոնիտորինգ, որի արդյունքում պարզել են՝ հիմնական խնդիրներից մեկը ընտրացուցակների համապատասխանելիության հարցն է:

Առաքելության մեկ այլ անդամ՝ Իսրայելի ներկայացուցիչ Բարուհ Բեն Ներիան էլ նշեց, որ այս ընտրությունները գրեթե աննկատ են. «Հայաստանի նման երիտասարդ երկրի համար շատ կարևոր է կազմակերպել այնպիսի քննարկումներ, ելույթներ, որոնցով մարդիկ կհասկանան ընտրությունների իրական արժեքն ու կարևորությունը, սակայն մենք դա չենք նկատում: Դա պետք է կազմակերպել և՛ ընտրություններից առաջ, և՛ դրանց ընթացքում, և՛ անգամ ընտրություններից հետո»:

ICES ղեկավար Ալեքսանդր Ցինկերը հույս հայտնեց, որ 6 միջազգային դիտորդական առաքելություննեը և 18000 տեղական դիտորդների ջանքերը կնպաստեն Հայաստանում արդար ընտրությունների անցկացմանը. «Բոլոր կուսակցությունների ղեկավարները իրենց ելույթներում կոչ են անում, որ ընտրություններն արդար անցնեն, և ամեն ինչ կմնա իրավական հարթության վրա: Ես ամեն դեպքում միայն այդպիսի ելույթներ եմ լսել: Ոչ ոք չի ասում՝ եկեք կեղծենք ընտրությունները: Հուսով եմ, որ 2008-ին տեղի ունեցածն այլևս չի կրկնվի, և կուսակցությունների ղեկավարները ընտրություններից հետո էլ անհանդուրժողականություն չեն սերմանի»:

Ընտրակարգերի փորձագիտական կենտրոնի միջազգային առաքելության (ICES) 20 անդամները 2012 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ապրիլի 8-ից իրականացրել են ՀՀ Ընտրական օրենսգրքի, գործող ընտրական համակարգի, էլեկտրոնային լրատվամիջոցների, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատանքների մոնիտորինգ: Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան մայիսի 6-ին: Ընտրություններին մասնակցում են ութ քաղաքական ուժեր՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ), ՀՅ «Դաշնակցությունը» (ՀՅԴ), «Օրինաց երկիր» կուսակցությունը (ՕԵԿ), «Ժառանգությունը», Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը (ՀԴԿ), Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը, «Միավորված հայեր» կուսակցությունը և մեկ նախընտրական դաշինք ի դեմս ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ):