Ադրբեջանական կողմը դժգոհ է մնացել Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ղարաբաղյան հարցի վերաբերյալ զեկուցող Թերրի Դեւիսի «ընդհանուր գծերով» ներկայացրած ապագա զեկույցից: Հիշեցնենք, որ նախօրեին Թ.Դեւիսը հանդես է եկել Փարիզում կայացած ԵԽԽՎ քաղաքական կոմիտեի նիստում իր զեկույցի մասին տեղեկությամբ: Ինչպես նշել է Բաքվի «Զերկալո» թերթը, զեկույցի նախնական տարբերակում չկա գլխավորը, որին ձգտել է ադրբեջանական կողմը վերջին մի քանի տարիների ընթացքում` «Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների զավթման փաստի ճանաչումը»: ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովի կարծիքով` զեկույցի նախնական տարբերակը հակամարտության կողմերի համար քննարկման լայն դաշտ է թողնում ԵԽԽՎ հունիսյան նստաշրջանում: Ըստ էության, նա խոստովանել է, որ այդ նստաշրջանի ժամանակ զեկույցում որոշակի փոփոխությունների հասնելու շատ աննշան հույս կա Ադրբեջանի համար: Իր ելույթում Թ.Դեւիսը տեղեկացրել է նաեւ, որ ինքը լայնածավալ հաշվետվությամբ հանդես կգա ԵԽԽՎ հունիսյան նստաշրջանից առաջ քաղաքական կոմիտեի նիստում եւ խոստացել է, որ իր հաշվետվության առնչությամբ կողմերին արտահայտվելու հնարավորություն կնձեռնվի: Դեւիսը նշել է նաեւ, որ նպատակահարմար չի գտնում հակամարտող կողմերի վրա ԵԽԽՎ կողմից ճնշում գործադրելը, ինչը եւս ձեռնտու չի ադրբեջանական կողմին, որը ամեն կերպ ջանում է Հայաստանի նկատմամբ որպես լծակ օգտագործել եվրոպական կառույցները:





