AM
26 Մայիս 2004 - 15:41 AMT

ԱԶԱՏ ԵՆ ԱՐՁԱԿՎԵԼ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԵՐԿՈՒ ԱԿՏԻՎԻՍՏ

Երեկ երեկոյան «Երեւան-կենտրոն» քրեակատարողական հիմնարկից ազատ են արձակվել «Հանրապետություն» ընդդիմադիր կուսակցության քաղխորհրդի անդամ Արամազդ Զաքարյանը եւ նույն կուսակցության Թալինի շրջանային բաժանմունքի ղեկավար Ժորա Սափեյանը: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին այսօր տեղեկացրեկ է գլխավոր դատախազության քննիչ Խաչատրյանը, Զաքարյանի եւ Սափեյանի նկատմամբ դադարեցվել է քրեական հետապնդումը, քանի որ նրանք «զղջացել են իրենց արարքի համար եւ ներողություն են խնդրել»: Հիշեցնենք, որ «Արդարություն» դաշինքի եւ համակիրների նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակներում ապրիլի սկզբին ձերբակալված Զաքարյանին ու Սափեյանին ներկայացվել էր «իշխանություններին վիրավորելու» մեղադրանք: Քննիչ Խաչատրյանը տեղեկացրեց նաեւ, որ նույն գործի շրջանակներում թռուցիկներ բաժանելու համար կալանված Հայաստանի կոմկուսի անդամ Արտակ Գաբրիելյանի նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է եւ գործը ուղարկվել է դատարան: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազության անանուն աղբյուրը, չի բացառվում, որ ազատ արձակվեն «Հանրապետություն» կուսակցության ղեկավար անդամներ Վաղարշակ Հարությունյանը եւ Սուրեն Սուրենյանցը: