Մայիսի 5-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Բունդեստագի քրիստոնյա-դեմոկրատական կուսակցության պատգամավորներ Յուրգեն Քլիմկեին և Մանֆրեդ Գրունդին, ովքեր Հայաստանում են գտնվում մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելություն անցկացնելու կապակցությամբ:
Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ վերջին տարիներին Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ փոխգործակցությունը զգալիորեն ընդլայնվել է: Նախարարը կարևորեց վերջերս Երևանում գերմաներեն լեզվի ուսուցման կենտրոնի բացումը և հույս հայտնեց, որ այն նոր ազդակ կհաղորդի երկկողմ հարաբերություններին: Կողմերը քննարկեցին հայ-գերմանական քաղաքական, տնտեսական, մշակութային և գիտակրթական ոլորտներում համագործակցության ընդլայնման ուղիները:
Նախարար Նալբանդյանը վերահաստատեց Հայաստանում ընտրությունները միջազգային չափանիշներին համապատասխան անցկացնելու ՀՀ իշխանությունների վճռականությունը՝ ընդգծելով, որ այդ նպատակով միջազգային կառույցների հետ համագործակցաբար ծավալուն բարեփոխումներ են իրականացվել:
Հյուրերի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները:





