AM
8 Մայիս 2012 - 13:04 AMT

Ռուբեն Հայրապետյան. Եթե շատ խնդրեն, աղաչեն, կարող է ԲՀԿ-ի հետ կոալիցիա կազմենք

ՀՖՖ նախագահ, ՀՀԿ պատգամավոր ընտրված Ռուբեն Հայրապետյանը «Առավոտի» հետ զրույցում, պատասխանելով ՀՀԿ-ԲՀԿ նոր կոալիցիայի ձևավորման հնարավորության մասին հարցին, ասել է. «Ցանկալի չի, բայց չեմ իմանում, դեռ հայտնի չի: Մենք նրա կարիքը չունենք: Հանրապետականը կոալիցիայի կարիք չունի: Եթե շատ խնդրի, միգուցե թույլ տանք: Եթե շատ խնդրեն, աղաչեն, որ տվեք մեզ շանս` արդարացնենք մեզ` կարող է: Բայց չգիտեմ դեռ` Հանրապետականները թույլ կտա՞ն»:

Մայիսի 6-ին Հայաստանում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ: Համաձայն բոլոր 1982 ընտրատեղամասերի քվեաթերթիկների մշակման արդյունքում ստացած նախնական տվյալների` կուսակցություններն ու բլոկը դասավորվել են հետևյալ կարգով. Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)` 663 066 (44,05 %), «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ)` 454 684 (30,20 %), Ժառանգություն»` 87 095 (5,79 %), Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) ` 106 910 (7,10 %), «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն (ՀՅԴ)` 86 296 (5,73 %), «Օրինաց երկիր» կուսակցություն (ՕԵԿ)` 82 690 (5,49 %), Հայաստանի Դեմոկրատական կուսակցություն (ՀԴԿ)` 5 633 (0,37 %), Հայաստանի Կոմունիստական կուսակցություն` 15 933 (1,06 %), «Միավորված հայեր» կուսակցություն` 3 080 (0,20 %):