«Ժողովուրդը» գրում է, որ արտգործնախարարության պաշտոնյաները դեռ մինչև երեկ չեն իմացել, որ Երևանում անցկացվում է Եվրոպայի լիբերալ–դեմոկրատների կուսակցության համաժողովը։
«Այս միջոցառման մասշտաբները պատկերացնելու համար նշենք, որ ՀՀՇ հրավերով` այս համաժողովի շրջանակներում Հայաստան են ժամանել 37 երկրների 54 կուսակցությունների անդամներ, նախկին ու ներկա դիվանագետներ, պաշտոնյաներ և այլն։ Եվ ահա, ինչպես պատմում են «Ժողովուրդի» աղբյուրները, ԱԳՆ–ում այս մասին իմացել են միայն այն ժամանակ, երբ Հայաստան եկած հյուրերից մեկի փաստաթղթերի հետ կապված խնդիրներ են եղել, ու ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը համաժողովի մասին ահազանգել է ԱԳՆ–ին։ Նշենք, որ մինչ այդ` դեռ մարտ ամսին, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը համաժողովի մասին գրություն էր ուղարկել վարչապետին` խնդրելով ոստիկանության և ԱԱԾ–ի միջոցով ապահովել հյուրերի անվտանգությունը։ Եվ ահա անգամ վարչապետը հարկ չի համարել դիվանագետների այցի մասին թեկուզ բանավոր տեղյակ պահել ԱԳ նախարարին»,–գրում է թերթը։





