Եռօրյա այցով Հայաստանում գտնվող Կորեայի Հանրապետության խորհրդարանի փոխնախագահ Հոն Ջաե Հյոնի գլխավորած պատվիրակությունը մայիսի 15-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ, այցելել է Ծիծեռնակաբերդ։ Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնում են ԱԺ լրատվական ծառայությունից։
Պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել 1915 թվականի Հայոց ցեղասպանության հիշատակը հավերժացնող հուշակոթողին, լռությամբ հարգել են 1.5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը։
Կորեայի Հանրապետության խորհրդարանական պատվիրակության անդամները եղել են նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Հայոց Մեծ եղեռնը հավաստող վավերագրերին ու փաստաթղթերին։ Հոն Ջաե Հյոն «Պատվո հյուրերի» հուշամատյանում գրառում է կատարել. «Ծանր զգացողություն ունեցա տեսնելով եւ լսելով 20-րդ դարի ընթացքում տեղի ունեցած ողբերգության մասին։ Հուսով եմ, որ նման ողբերգություններ երբեւէ չեն կրկնվի»։
Հոն Ջաե Հյոնը լրագրողներին ասել է, որ Կորեայում Հայոց ցեղասպանության մասին քչերը գիտեն. «Ներկայում տարվում են աշխատանքներ՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն ներկայացնելու ուղղությամբ։ Մեր խորհրդարանի պատգամավոր Նահ Յոուն Մին գիրք է գրել, որի առաջին մասում մանրամասն ներկայացված է Հայոց ցեղասպանությունը»։





