Այսօր լրանում է Վրաստանում Ադրբեջանի դեսպանատան կողմից մուտքի արտոնագրերի տրամադրման ժամկետը հայ սպաներին, որոնք մտադիր են այցելել Բաքու ՆԱՏՕ-ի «Լավագույն համատեղ ջանք-2004» զորավարժությունների պլանավորման կոնֆերանսին մասնակցելու նպատակով: Մինչդեռ, Վրաստանում Ադրբեջանի դեսպան Ռամիզ Հասանովը հայտարարել է «ANS» հեռուստաալիքին, թե չի կարող մուտքի արտոնագրերի մասին նշում անել մի երկրի քաղաքացիների անձնագրերում, որի հետ Ադրբեջանը չունի դիվանագիտական հարաբերություններ: Միեւնույն ժամանակ Բաքվի ԶԼՄ-ները տարածել են Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալ Արազ Ազիմովի հայտարարությունն այն մասին, որ Բաքու հայկական պատվիրակության ժամանման խոչընդոտումը կհանգեցնի կոնֆերանսի հետաձգմանը եւ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների վատթարացմանը: Նշենք, որ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում նախանշված ՆԱՏՕ-ի զորավարժությունների պլանավորման կոնֆերանսը կայանալու է Բաքվում հունիսի 22-ին: Հունիսի 21-ին հայկական պատվիրակության անդամներ` գնդապետ Մուրադ Իսախանյանը եւ ՀՀ պաշտպանության նախարարության Արտաքին հարաբերությունների վարչության սպա, ավագ լեյտենանտ Արամ Հովհաննիսյանը մտադիր են Ադրբեջանի մուտքի արտոնագրեր ստանալ Թբիլիսիյում գտնվող այդ երկրի դեսպանատանը:





