ՆԱՏՕ-ն չի կարող անցկացնել որեւէ միջոցառում թռնելով ադրբեջանական իշխանությունների գլխի վրայով: Այս մասին, ինչպես տեղեկացնում է Բաքվի «Զերկալո» թերթը, Ադրբեջանի խորհրդարանի նիստում նախօրեին հայտարարել է պատգամավոր, նախագահի նախկին թեկնածու Սաբիր Ռուստամխանլին: Նրան միացել են նաեւ ադրբեջանցի մի շարք պատգամավորներ, որոնք անթույլատրելի են համարել «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում անցկացվող ՆԱՏՕ-ի զորավարժությունների պլանավորման կոնֆերանսին մասնակցելու համար հայ զինվորականների Բաքու ժամանումը: Թերթի համաձայն` Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Մուրթուզ Ալեսկերովը փորձել է թույլ չտալ տվյալ ելույթները, սակայն ապարդյուն: Արդյունքում նա հայտարարել է, որ ինքը նույնպես դեմ է հայերի մասնակցությանը Բաքվում ընթացող կոնֆերանսին, սակայն, նրա խոսքերով` «հայերը գաղտնի են ժամանել Բաքու»: Այդ կապակցությամբ թերթն իր տարակուսանքն է հայտնել, հարցադրելով` ումի՞ց են գաղտնի Բաքու ժամանել հայ զինվորականները: «Եթե իրենից` օրենսդիր մարմնի ղեկավարից, Անվտանգության խորհրդի անդամից, պետության երրորդ անձից, ապա մեզ` Ադրբեջանի քաղաքացիներիս արժե մտածել մեր հայրենիքի ճակատագրի մասին»,- գրում է Բաքվի «Զերկալո» թերթը:





