Եվրախորհրդի նորընտիր գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը մտադիր է մինչեւ տարեվերջ այցելել Հարավային Կովկաս: Ինչպես տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը, Թ.Դեւիսը նշել է, որ չափազանց հետաքրքրված է այդ տարածաշրջանի ժողովուրդների ճակատագրով ու ապագայով: Նրա խոսքերով` նա մեծ ուշադրություն է դարձնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա խնդիրներին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: «Ես մտահոգված եմ այն մարդկանց կենսակերպով, ովքեր թե Հայաստանում, թե Ադրբեջանում եւ թե Լեռնային Ղարաբաղում ներքաշված լինելով հակամարտության մեջ, մեծ դժվարություններ են կրել», – նշել է Թ.Դեւիսը: Նրա կարծիքով` բոլոր այդ մարդիկ աջակցության կարիք ունեն: «Ես, որպես ԵԽ գլխավոր քարտուղար, մտադիր եմ օգնել նրանց», – ավելացրել է նա:





