AM
30 Հունիս 2004 - 13:29 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՎԵՐԱԲԱՑԻ ԻՐ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ ԻՐԱՔՈՒՄ

Իշխանությունը Իրաքում տեղի կառավարությանը փոխանցելուց հետո Հայաստանի ԱԳՆ-ն փորձում է հնարավորինս կարճ ժամկետներում վերականգնել Բաղդադում Հայաստանի դեսպանատան աշխատանքը: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին է հայտարարել Հայաստանի փոխարտգործնախարար Ռուբեն Շուգարյանը: Նրա խոսքերով, վերջին մեկ ու կես տարվա ընթացքում Բաղդադ են գործուղվել հայ դիվանագետներ` հայկական դիվանագիտական առաքելության շենքի եւ գույքի պահպանման հարցերով: Փոխնախարարը նշել է, որ տվյալ պահին պատրաստ է այն դիվանագետների ցանկը, որոնք կմեկնեն Իրաք: Պաշտոնական Երեւանի ջանքերը Բաղդադում դիվանագիտական առաքելության աշխատանքի վերսկսման կապակցությամբ Ռ.Շուգարյանը բացատրել է նրանով, որ Հայաստանը Իրաքում ունի որոշակի, այդ թվում նաեւ տնտեսական շահեր: Հիշեցնենք, որ Բաղդադում հայկական դեսպանատան գործունեությունը դադարեցվել էր 2003 թվականի մարտին կոալիցիոն ուժերի կողմից այնտեղ սկսված ռազմական գործողությունների պատճառով: