Հայաստանի ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանն այսօր գոհունակություն է հայտնել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Ստամբուլում կայացած իր հանդիպման առնչությամբ: Ինչպես այսօր Երեւանում նա հայտարարել է լրագրողներին, այդ հանդիպումը հերթական անգամ համոզել է նրան, որ «Թուրքիայի ներկայիս իշխանություններն իրոք ցանկանում են դրական տեղաշարժերի հասնել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործում»: Իսկ իր թուրք գործընկեր Աբդուլա Գյուլի հետ Հայաստանի ԱԳՆ ղեկավարը քննարկել է, հիմնականում, երկու երկրների միջեւ երկաթուղային հաղորդակցման վերականգնման հեռանկարները: Օսկանյանը հիշեցրել է, որ ԱՄՆ եւ Եվրամիությունն աջակցում են Ղարս-Գյումրի երկաթգծի վերականգնմանը հասնելու Հայաստանի ջանքերին:





