Ռուսաստանի ՆԳՆ-ն Հայաստանի ոստիկանության հետ համատեղ կասեցրել է մի հանցավոր խմբի գործունեությունը, որը Հայաստանում հավաքագրելով երիտասարդ կանանց, Մոսկվայով ուղարկել է Միացյալ Արաբական Էմիրություններ` պոռնկությամբ զբաղվելու համար: Այս մասին հուլիսի 2-ին Երեւանում անցկացված երկու գերատեսչությունների համատեղ կոլեգիայի նիստից հետո լրագրողներին տեղեկացրել է Ռուսաստանի ՆԳՆ ղեկավար Ռաշիդ Նուրգալիեւը: Նրա խոսքերով` համատեղ գործողությունն անցկացվել է հունիսի 24-ին: Ռուսաստանի ՆԳՆ ղեկավարը պատմել է, որ հանցագործները աղջիկներին հասցնում էին Մոսկվա, ձեւակերպում էին համապատասխան փաստաթղթեր, որից հետո ուղարկում ՄԱԷ` զբաղվելու պոռնկությամբ: «Մենք ազատել ենք վեց աղջիկ, որոնց պատրաստվում էին ուղարկել արտասահման»,- ասել է Նուրգալիեւը: Նրա խոսքերով` յուրաքանչյուր աղջկա համար հանցախմբի անդամները ստանում էին երկու հազարական դոլար: «Մեր կողմից կանխվել է շուրջ 100 աղջկա արտասահման ուղարկումը»,- ասել է նախարարը: Այդ գործով կալանավորվել է երկու մարդ:





