AM
5 Հուլիս 2004 - 14:02 AMT

ԵԽԽՎ-Ն ՀԵՏԱՔՐՔՐՎՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏԻՐՈՂ ԻՐԱՎԻՃԱԿՈՎ

Իմ այցելության հիմնական նպատակը Հայաստանում տիրող իրավիճակին ծանոթանալն է, հատկապես ԵԽԽՎ ապրիլյան բանաձեւի լույսի ներքո, այսօր Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժաղովի (ԵԽԽՎ) Գլխավոր քարտուղար Բրունո Հալլերը, որը Երեւանում է գտնվում տարածաշրջանային այցի շրջանակներում: Ընդ որում նա հույս է
հայտնել, որ մինչեւ Հայաստանի խորհրդարանի սեպտեմբերյան նստաշրջանը իշխանություններն ու ընդդիմությունը կկարողանան ելք գտնել ներկայումս ստեղծված իրավիճակից` շարունակելով օրինաստեղծ աշխատանքը: Ինչպես հաղորդել են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունում, կողմերը անդրադարձել նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացին` կարեւորելով վստահության ամրապնդման միջոցառումների անհրաժեշտությունը տարածաշրջանում: Այդ կապակցությամբ ԵԽԽՎ գլխավոր քարտուղարը ընդգծել է Հարավային Կովկասի երկրների խորհրդարանների միջեւ համագործակցության անհրաժեշտությունը` ընդգծելով, որ իր առաքելությունը կայանում է հենց միջխորհրդարանական երկխոսության խթանման ուղիների որոնման մեջ: