Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանը փաստում է, որ առաջին համաշխարհային պատերազմում գերմանաթուրքական բլոկի պարտության հարցում Հայաստանը մեծ ներդրում է ունեցել: «Բաթումի պայմանագրից հետո ստեղծվեց հայկական պետությունը, իսկ թուրքերը անցան դեպի Բաքու` նպատակ ունենալով ադրբեջանական նավթը հասցնել գերմանական զորքերին: Նրանք որոշել էին հաղթանակ տանել ու լուծել հայկական հարցը մեկընդմիշտ»,- նշեց Շիրինյանը:
Սակայն հայկական զորքը կարողացավ դիրքերը պահել, և 1918 թվականին Փարիզի ճակատում գերմանաթուրքական զորքերի պարտությունից հետո, ռազմաքաղաքական իրավաիճակը փոխվեց:
«Հայերը պահեցին Բաքվի ճակատը, ու գերմանացիները պարտվեցին: Հայերը մաշեցրին թուրքական զորքերը, ու նրանք չկարողացան նավթը հասցնել Գերմանիա: Այս խոսքերը ասել են գեներալ Լյոդենֆորդը, Հինդենբուրգը: Սրանք արձանագրված փաստեր են, ու այդ ամենը ոչ ոք չի կարող հերքել: Իսկ ահա ԱՄՆ նախագահ Հարդինգին ուղղված նամակում դեսպան Ջերարդն ասում է, որ Անտանտը պարտավոր է օգնել հայերին, քանի որ նրանք փրկել են պատերազմը»,- ավելացրեց նա:
Հայկական ուժերը կռվել են երեք ճակատով` Բաքվի, Արարայի և անգլիացի գեներալ Սայքսի ղեկավարությամբ Բանդարաբասի զորագնդում:
«Թուրք Իսան փաշան այդ ժամանակ ասել է, որ եթե չլինեին հայերը, ապա Բաքուն կգրավվեր: Գիտեք, ես էլ սրան ի պատասխան ասում եմ` եթե չլինեիք դուք` մենք կլինեինք ծովից ծով»,- եզրափակեց Շիրինյանը:





