AM
26 Մայիս 2012 - 09:48 AMT

«Կիրառական քաղաքագիտություն» դասընթացի մասնակիցները ստացել են ավարտական վկայականներ

Հայաստանի երիտասարդական հիմնադրամում այսօր տեղի է ունեցել «Կիրառական քաղաքագիտություն» դասընթացի մասնակիցների ավարտական վկայականների հանձնման արարողությունը։ Դասընթացը կազմակերպել էր Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։

Ծրագրին մասնակցել է մրցութային կարգով նախապես ընտրված 25 երիտասարդ, ովքեր մարտի 2-ից ապրիլի 29-ը շաբաթական չորս օր մասնակցել են տարբեր թեմաներով սեմինարների։ Դասընթացավարները հեղինակավոր գիտնականներ, փորձագետներ, վերլուծաբաններ էին։

Դասընթացի նպատակը, ըստ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանի, երիտասարդների շրջանում քաղաքական գիտելիքների մակարդակը բարձրացնելն է։ «Կրթական ծրագրերը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի համար գերակա ուղղություն են, որի կարևորագույն բաղկացուցիչ տարրերից են քաղաքագիտական դասընթացները»,- նշել է Կարեն Ավագյանը՝ ավելացնելով, որ մենք տարբեր ոլորտներում ներկայանալիության խնդիր չունենք. կան փայլուն երիտասարդներ, ովքեր ըստ արժանվույն կարողանում են ներկայացնել Հայաստանի Հանրապետությունն ամենահեղինակավոր ամբիոններից։

Հիմնադրամից հայտնում են, որ «Կիրառական քաղաքագիտություն» խորագրով սեմինարի դասընթացավար, Ազգային արխիվի փոխտնօրեն Էդգար Հովհաննիսյանն ընդգծել է, որ այսօր բավականին շատ են ինֆորմացիոն հոսքերը, որտեղ ճշմարիտ կամ ճշմարտանման տեղեկությունը և հակահայկական քարոզչությունը հաճախ առանց հասկանալու, երբեմն նաև միտումնավոր խառնվում են իրար։ Նման դասընթացներում ստացած գիտելիքները, ըստ Էդգար Հովհաննիսյանի, երիտասարդները կկիրառեն նաև սոցիալական ցանցերում և համացանցային տիրույթում։