AM
9 Հուլիս 2004 - 18:35 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿՔՆՆԱՐԿԻ «ԳՈՒՅՔ` ՊԱՐՏՔԻ ԴԻՄԱՑ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՐՑԵՐԸ

Հուլիսի 12-15-ը պաշտոնական այցով Մոսկվա կմեկնի Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Այդ մասին լրագրողներին տեղեկացրել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով` Ռուսաստանի մայրաքաղաքում կքննարկվեն մի շարք հարցեր, այդ թվում նաեւ «Գույք` պարտքի դիմաց» երկկողմ համաձայնագրի իրականացումը: Նշենք, որ այդ փաստաթղթի հիման վրա` Ռուսաստանին Հայաստանի 93 մլն դոլար կազմող պետական պարտքի մարման դիմաց ՌԴ-ին է փոխանցվել հայկական հինգ ձեռնարկությունների արժեթղթերը` «Մարս» գործարանի, Երեւանի երեք ԳՀԻ` մաթեմատիկական մեքենաների, ավտոմատացված ղեկավարող համակարգերի եւ նյութագիտության, ինչպես նաեւ Հրազդանի ՋԷԿ-ի գույքահամալիրը: Վ.Օսկանյանի խոսքերով` «տվյալ ձեռնարկությունների լիարժեք շահագործումը բխում է երկու երկրների շահերից»: Մինչեւ այսօր ռուսաստանյան կողմը չի ներկայացրել այդ ձեռնարկությունները վերականգնելու կոնկրետ ծրագրեր: