Նախագահական նստավայրում այսօր տեղի ունեցավ ՀՀ նախագահի 2011 թվականի մրցանակների հանձնման արարողությունը։ Մրցանակներ են հանձնվել Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ունեցող անձանց` Հարություն Մարությանին և Թուրքիայի քաղաքացի Ռագըփ Զարաքոլուին։ Վերջինս հայտնի է Հայոց ցեղասպանության մասին բազմաթիվ թարգմանչական և հրապարակախոսական, հրատարակչական գործերով։ Նախագահը, կարևորելով Զարաքոլուին շնորհված մրցանակը, նշեց, որ նրա գործունեությունը խիզախության փայլուն օրինակ է, որով հարևան ժողովուրդների հետ հարաբերությունները նոր մակարդակի են դրվում։
Թուրք հասարակական գործիչն էլ իր հերթին շնորհակալություն հայտնելով նախագահին, նշեց. «Մոտենում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման 100 ամյակը և Թուրքիան պետք է կատարի իր խղճի պարտքը։ Պատմական ճշմարտությունը պետք է վերականգնվի։ Ճանաչում և փոխհատուցում, դրանք այն գործողություններն են, որով մենք կվերադարձնենք մեր մարդկայնությունը»։
Նախագահը մրցանակներ է հանձնել նաև 14 այլ բնագավառներների 20–ից ավելի գիտնականների, այդ թվում արվեստի և մշակույթի գործիչների, ինչպես նաև պատմաբանների։
«Գիտությունների և արվևստի բնագավառում հաջողությունները ուրախալի են մեզ համար, և ես իմ պարտքն եմ համարում ևս մեկ անգամ շեշտել և ընդգծել նրանց գործերը։ Բացառիկ կարևորություն ունեն հենց երիտասարդների մրցանակները, քանի որ դրանք օգնում են ապահովել մեր երկրի մշակութային զարգացումը։ Եթե գիտական բնագավառի գործերը մնում են գիտական նեղ շրջանակներում, ապա արվեստի, մշակույթի և առհասարակ հումանիտար բնագավառի գործերը պետք է ունենան լուրջ հանրային ուշադրություն»,–շնորհավորանքի խոսքում նշեց նախագահը։





