AM
15 Հուլիս 2004 - 13:06 AMT

ԹՈՒՐՔԻԱՆ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է 2007 ԹՎԱԿԱՆԻՆ ՆԱԽԱԳԱՀԵԼ ԵԱՀԿ-ՈՒՄ

Թուրքական կառավարությունը անցյալ շաբաթ պաշտոնապես հայտարարել է ԵԱՀԿ-ին այն մասին, որ հրաժարվում է իր վրա վերցնել այդ կազմակերպության նախագահությունը 2007 թվականին: Այդ մասին հաղորդում է ԱՄՆ-ում հրատարակվող «Կալիֆորնիեն կուրյեր» հայկական թերթը: Հիշեցնենք, որ Հայաստանի ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը վերջերս հայտարարել էր, թե Երեւանը, հնարավոր է, որ օգտվի իր վետոյի իրավունքից որպես ԵԱՀԿ նախագահող երկիր Թուրքիայի թեկնածության քննարկման ժամանակ: Ինչպես գրում է թերթը, հավանաբար, այդ քայլով Անկարան հասկացնել է տալիս
Հայաստանին, որ մտադիր չէ մոտ ապագայում դիվանագիտական հարաբերություններ հաստատել Երեւանի հետ: Կամ, հնարավոր է, Թուրքիան չի ցանկանում, որ Եվրամիության ճնշման տակ հետագայում իրականացվելիք դրական քայլերը Հայաստանի նկատմամբ ընկալվեն համաշխարհային հանրության կողմից որպես ճարահատյալ զիջում Հայաստանի կողմից վետոյի իրավունքի կիրառման սպառնալիքի ներքո, նշվում է հոդվածում: