Թուրքիայի Տրապիզոն քաղաքի օդանավակայանում օրերս կալանվել է ադրբեջանական «ԱԶԱԼ» պետական կոնցեռնին պատկանող «Տու-134» ինքնաթիռը: Բաքու-Տրապիզոն-Բաքու չվերթ կատարող օդանավը կալանվել է` Ադրբեջանի գյուղատնտեսության նախարարության թուրքական «Սաքա Գորհմազ» ընկերությանը 1992-1993 թվականներին Ադրբեջան մատակարարված գյուղատնտեսական արտադրանքի դիմաց 5,2 մլն դոլար կազմող պարտքի չվճարման պատճառով: Կորսված շահույթի հաշվառմամբ թուրքական կողմը պարտքը գնահատել է ավելի քան 8 մլն դոլար: Ինչպես հաղորդել է «Թուրան» գործակալությունը, ինքնաթիռը մինչ այժմ գտնվում է Տրապիզոնի օդանավակայանում, իսկ Ադրբեջան դրա վերադարձման հարցով զբաղվում է փոխվարչապետ Աբիդ Շարիֆովը: Նրա խոսքերով` կողմերի միջեւ բանակցությունները շարունակվում են: Նշենք, որ թուրքական կողմն ավելի վաղ նույնպես փորձել է կալանել «ԱԶԱԼ» կոնցեռնի ինքնաթիռները, բացի այդ, նույն այդ պատճառով կալանվել եւ այնուհետեւ ազատ են արձակվել Կասպյան ծովային նավագնացության մի քանի նավեր:





