AM
16 Հուլիս 2004 - 19:30 AMT

ԲԱՔՎՈՒՄ ԴԺԳՈՀ ԵՆ «ՄԻՆՍԿՅԱՆ» ՄԻՋՆՈՐԴՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններն այն մասին, որ ղարաբաղյան հակամարտությունը հնարավոր չի կարգավորել առանց կողմերի փոխզիջումների, բացասական արձագանք է գտել Բաքվում: «Միջնորդները շահագրգռված չեն հակամարտության կարգավորմամբ եւ զիջումներ են պահանջում միայն Ադրբեջանից», հայտարարել է «Թուրան» գործակալությանը Ազգային անկախության կուսակցության առաջնորդ Էթիբար Մամեդովը: «Համանախագահները պետք է հասկանան, որ ո’չ Ադրբեջանի իշխանությունները եւ ո’չ էլ ընդդիմությունը չեն գնա զիջումների»,- ասել է նա: Համանախագահների հասցեին եւ նրանց դիքորոշման առնչությամբ քննադատորեն է արտահայտվել նաեւ ադրբեջանական «Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Իսա Ղամբարը, որն իր աջակցությունն է արտահայտել Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով նախկին խորհրդատու Վաֆա Գուլուզադեի հայտարարությանը, ըստ որի Ադրբեջանը չի կարող զիջումների գնալ հայերին: Իսկ Ադրբեջանի արտաքին գործերի նախկին նախարար Թոֆիկ Զուլֆուղարովի կարծիքով` համանախագահները պետք է քննադատեն այս կամ այն կողմի ոչ կառուցողական դիրքորշումը: Եվ ափսոսանք է հայտնել, որ նրանք դա չեն անում: