Հասարակածային Գվինեայում պետական հեղաշրջման փորձին մեղսակության մեջ մեղադրվող հայ օդաչուների գործը կքննվի անաչառ եւ կկայացվի արդարացի որոշում: Այս մասին հայտնել են այդ երկրի բարձրաստիճան պաշտոնյաները` Հայաստանի պատվիրակության անդամների հետ հանդիպման ընթացքում, որոնք ձերբակալված հայ օդաչուների հետագա ճակատագրի վերաբերյալ բանակցություններ վարելու նպատակով հունիսի 30-ից հուլիսի 13-ը գտնվում էին մայրաքաղաք Մալաբոյում: Ինչպես տեղեկացրել են Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունում, Եգիպտոսում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանը եւ Հայաստանի Պետական արարողակարգի ծառայության պետի տեղակալ Գեւորգ Պետրոսյանը հանդիպել են Հասարակածային Գվինեայի արդարադատության – առողջապահության նախարարների, գլխավոր դատախազի եւ ԱԳ պետքարտուղարի հետ: Պատվիրակությունն այցելել է նաեւ հայ օդաչուներին: Աղբյուրի համաձայն` բանակցությունների արդյունքում հաջողվել է բարելավել հայ օդաչուների ազատազրկման պայմանները, ապահովել անհրաժեշտ բժշկական պարագաների փոխանցումը: Կազմակերպվել է նաեւ օդաչուների հեռախոսազրույցը Երեւան` բարեկամների հետ: Հիշեցնենք, որ ՀՀ քաղաքացիական ավիացիայի վարչության վեց աշխատակիցներ 2004 թվականի հունվարից գերմանական «ԿԱԼ» ընկերության հետ պաայմանագրով աշխատել են Հասարակածային Գվինեայում` շահագործելով Հայաստանում գրանցված Ան-12 ինքնաթիռը:





