AM
4 Հունիս 2012 - 13:49 AMT

«Ազատ դեմոկրատները» պահանջում են միջազգային հանրությունից համարժեք գնահատական տալ Ադրբեջանի ագրեսիվ քայլերին

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը դատապարտում է հունիսի 4-ին հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում ադրբեջանական զորամիավորումների կողմից շփման գծում հաստատված հրադադարի ռեժիմի խախտման դեպքը, որի հետևանքով զոհվել են ՀՀ ԶՈՒ երեք զինծառայող և կան վիրավորներ, ասվում է կուսակցության մամլո ծառայության տարածած հայտարարության մեջ:

Մենք գտնում ենք, որ Արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի և պահանջում ենք միջազգային հանրությունից համարժեք գնահատական տալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ժամանակավոր անդամ հանդիսացող Ադրբեջանի ագրեսիվ և միջազգային իրավունքի նորմերը ոտնահարող քայլերին:

ՀՀ Պաշտպանության նախարարությունից ակնկալում ենք համապատասխան գործողությունների ձեռնարկում, շփման գծում զգոնության բարձրացում՝ նման դեպքերը բացառելու համար:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն իր խորին ցավակցությունն է հայտնում զոհված զինծառայողների ընտանիքներին: Մենք կիսում ենք այդ ընտանիքների վիշտը և հայտնում մեր զորակցությունը: