AM
27 Հուլիս 2004 - 14:02 AMT

ԲԱՔՎՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼԻՔ ՆԱՏՕ-Ի ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՅԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԵՄ ԱՅԺՄ ԲՈՂՈՔԵԼՈՒ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՃԱԿԱՏԸ

Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցությունը (ԱԺՃԿ) նախատեսում է բողոքի ցույցեր կազմակերպել Բաքվում: Ըստ կուսակցության տարածած հաղորդագրության` այդ ակցիաներն ուղղված են Բաքվում անցկացվելիք ՆԱՏՕ-ի «Լավագույն համատեղ ջանք-2004» զորավարժություններին հայ զինվորականների մասնակցության դեմ: Ակցիաները կանցկացվեն մի շարք դիվանագիտական ներկայացուցչությունների եւ պետական հիմնարկությունների շենքերի առջեւ: Ինչպես տեղեկացնում Է Բաքվի «Էխո» թերթը, ցույցեր կազմակերպելու իրենց մտադրությունների մասին ԱԺՃԿ տեղեկացրել է Բաքվի քաղաքապետարանին: Պիկետները կկազմակերպվեն «Պահանջում ենք հարգել Ադրբեջանի ժողովրդին» եւ «Կորչեն հայ զավթիչները» կարգախոսերով: