AM
7 Սեպտեմբեր 2004 - 14:30 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ ՀԱՍԱՐԱԿԱԾԱՅԻՆ ԳՎԻՆԵԱՅԻՑ ՀԱՅԱՍՏԱՆ ԺԱՄԱՆԱԾ ՔՆՆԻՉՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հայաստանի արտգործնախարարությունը տեղեկություն չունի Հասարակածային Գվինեայից` այդ երկրում պետական հեղաշրջման փորձի առնչությամբ գործը հետաքնող քննիչների Երեւան ժամանելու մասին: Ինչպես «Արմինֆո» գործակալության թղթակցին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Համլետ Գասպարյանը, նախարարությանը ոչինչ հայտնի չէ քննիչների հնարավոր այցելության մասին: Նշենք, որ «Ֆրանսպրես» գործակալության հաղորդման համաձայն, Հասարակածային Գվինեայի քննիչները Երեւան են ժամանել` այդ երկրում պետական հեղաշրջման փորձի հետ 6 հայ օդաչուների առնչության հանգամանքները պարզելու նպատակով: Գվինեայի քննիչներին ամենից առաջ հետաքրքրում է հայկական եւ գերմանական ընկերությունների միջեւ պայմանագիրը: Հիշեցնենք, որ 6 հայ օդաչուներ այլ օտարերկրացիների հետ ձերբակալվել են մարտի 8-ին Հասարակածային Գվինեայում` այդ երկրում պետականա հեղաշրջում կազմակերպելու մեղադրանքով: Հայ օդաչուները հերքում են իրենց վերագրած մեղադրանքները: