AM
14 Հունիս 2012 - 12:35 AMT

Հայաստանի Գլխավոր հյուպատոսը դասախոսել է Արիզոնայի Պետական Համալսարանում

Հունիսի 11-ին Լոս-Անջելեսում Հայաստանի Գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանն այցելել է Արիզոնայի Պետական Համալսարանի ռուսերենի, եվրասիական և արևելաեվրոպական լեզուների հետազոտությունների «Մելիքյան» կենտրոն, որտեղ հանդիպել է ուսանողության և դասախոսական կազմի հետ:

Կենտրոնի ուսանողները հնարավորություն ունեցան ներկա գտնվելու ՀՀ գլխավոր հյուպատոսի՝ Հայկական սփյուռքի ձևավորման պատմությանն ու ներկա զարգացումներին, ինչպես նաև Հայաստան-Սփյուռք հարաբերություններին վերաբերող դասախոսությանը: Պատասխանելով ներկաների հարցերին` Գրիգոր Հովհաննիսյանն անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում տեղի ունեցած վերջին զարգացումներին, ինչպես նաև ԱՄՆ Պետքարտուղարի` Հայաստան կատարած այցին և այդ օրերին Հայաստանի և Ադրբեջանի սահմանագծում ադրբեջանական կողմի հրահրած սադրիչ գործողություններին:

Համալսարանի պրոֆեսորա-դասախոսական կազմի և ուսանողների հետ հանդիպման ընթացքում գլխավոր հյուպատոսը պատասխանել է վերջիններիս` Հայաստանի արտաքին քաղաքականությանն ու ընթացիկ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող բազմաթիվ հարցերի:

ՀՀ Գլխավոր հյուպատոսը հանդիպել է նաև հայերեն լեզու ուսումնասիրող ուսանողների հետ, ովքեր առաջիկայում երկու շաբաթով ժամանելու են Հայաստան լեզվական պրակտիկա անցկացնելու նպատակով: