Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդն այսօր ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հանս Յոխեն Շմիդտին` Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդմամբ, հանդիպմանը Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ նշել է, որ դեսպանատան և Մայր Աթոռի միջև հարաբերությունները մշտապես եղել են ջերմ և բարեկամական:
Նորին Սրբությունը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի դեսպանին Հայաստանում ակտիվ գործունեություն ծավալելու և երկու ժողովուրդների միջև կապերի ամրապնդմանը կարևոր նպաստ բերելու համար:
Իր խոսքում Նորին Սրբությունն անդրադարձել է նաև Գերմանիայի հայկական համայնքին, նրա կրոնական և մշակութային կյանքին:
Վերջում Ամենայն Հայոց Հայրապետը դեսպանին մաղթել է նորանոր հաջողություններ իր հետագա գործունեության մեջ:





