Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Մուրթուզ Ալեսքերովը հանդես է գալիս նոյեմբերին Բաքվում կայանալիք ՆԱՏՕ-ի «Ռոուզ Ռոտ» խորհրդարանական վեհաժողովին հայ պատգամավորների մասնակցության օգտին: «Սեմինարին մասնակցելու են գալիս ավելի քան 30 երկրների ներկայացուցիչներ: Ես դեմ չեմ Հայաստանի ներկայացուցիչներին»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Միլի մեջլիսի խոսնակը, տեղեկացրել է «Ինտերֆաքս» գործակալությունը: Մ.Ալեսքերովը հիշեցրել է, որ ադրբեջանցի եւ հայ խորհրդարանականները շփվում են Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության շրջանակներում տեղի ունեցող համաժողովներում: «Ես կարծում եմ, որ նրանց ժամանումը` դա զինվորականների այց չէ: Նրանք խաղաղ քաղաքացիներ են, եւ այն էլ` պատգամավորներ»,- նշել է Ադրբեջանի խորհրդարանի ղեկավարը:





