Մենք գտնվում ենք բուլղարա-հայկական հարաբերությունների աշխուժացման փուլում. նախադրյալներ են ստեղծված բոլոր ոլորտներում դրանց ակտիվ ընդլայնման համար: Այդ մասին հոկտեմբերի 5-7-ը Հայաստան կատարելիք պաշտոնական այցի նախօրեին հայտարարել է Բուլղարիայի նախագահ Գեորգի Պիրվանովը «Արմենպրես» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում: Գ.Պիրվանովը իր երկրի պատրաստակամությունն է հայտնել համագործակցելու Հայաստանի հետ բոլոր միջազգային կազմակերպություններում եւ կառույցներում: Միեւնույն ժամանակ նա նշել է, որ առեւտրատնտեսական համագործակցությունը երկու երկրների միջեւ չի համապատասխանում քաղաքական երկխոսության մակարդակին: Անդրադառնալով Լեռնային Ղարբաղի խնդրին` Գ.Պիրվանովը նշել է. «Բուլղարիան` որպես ԵԱՀԿ-ի նախագահ, դրական է գնահատում եւ պաշտպանում է ԵԱՀԿ-ի ՄԽ ջանքերն ու պատրաստ է այսուհետ եւս աջակցել Հայաստանին եւ Ադրբեջանին` խնդրի երկարաժամկետ փոխընդունելի լուծում գտնելու նրանց փորձերում»:
Ներկա փուլում հարկավոր է ջանքերը կենտրոնացնել «շփման գծի» իրադրության վատթարացումը կանխելու եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ առավել կառուցողական ու արդյունավետ երկխոսություն հաստատելու վրա, հայտարարել է Բուլղարիայի նախագահը:





