Հոկտեմբերի 4-ին Վաշինգթոնում անցկացվել է տնտեսական հարցերով հայ-ամերիկյան աշխատանքային խմբի հերթական իններորդ նիստը: Ինչպես տեղեկացրել են Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունում, հայկական խմբի համանախագահն էր ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը: Ամերիկյան կողմի հետ աշխատանքային քննարկումների օրակարգն ընդգրկում էր Հայաստանում իրականացվող ԱՄՆ պետական օգնության ծրագրերի համակարգումը եւ դրանց հետագա ուղղությունները` հաշվի առնելով Հայաստանում աղքատության նվազեցման ռազմավարության եւ տնտեսական աճի ավելի բարձր ցուցանիշների ապահովումն ու սոցիալական պայմանների բարելավումը, «Հազարամյակի մարտահրավերների» ծրագրի շրջանակներում օժանդակության համար ներկայացվող ծրագրերի մշակման ընթացքը, ահաբեկչության դեմ պայքարի կարողությունների ամրապնդումը:
Նշենք, որ հոկտեմբերի 2-3-ին հայկական պատվիրակությունը նաեւ մասնակցել էր Համաշխարհային բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան համաժողովի աշխատանքներին:





