AM
28 Հունիս 2012 - 14:27 AMT

Վահրամ Միրաքյանը դրական է գնահատում նախագահի արձագանքը հեռուստաեթերի մաքրման պահանջին

«Հեռուստաեթերի մաքրման պահանջ» հասարակական նախաձեռնության անդամ, ԵՊՀ Հայագիտության հետազոտության ինստիտուտի գիտաշխատող Վահրամ Միրաքյանը դրական է գնատահում նախագահի արձագանքը կապված նախաձեռնության և մի խումբ մտավորականների բաց նամակի հետ, որով վերջիններս Սերժ Սարգսյանի ուշադրությունն էին հրավիրում հեռուստատեսության բովանդակային քաղաքականության վրա։

«Նախագահը մի քանի անգամ հայտնել է իր անհանգստությունը տեղական հեռուստաընկերությունների հակասոցիալական եթերային քաղաքականության թեմայով, հուսով եմ, որ այս անգամը վերջինը կլինի, և խնդիրն իր լուծումը կստանա»,–PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց Միրաքյանը։

Նրա կարծիքով, հարցը շատ նուրբ է, և, հնարավոր է, որոշ մարդկանց մոտ գրաքննության վերաբերյալ անհանգստություն առաջանա. «Սակայն այս դեպքում, երբ խնդրի լուծումը ընթանալու է քննարկումների ու Հանրային խորհրդի մասնակցության միջոցով, նման կասկածները ի չիք են դառնում»:

«Բացի այդ չպետք է մոռանանք, որ բովանդակային փոփոխությունները վերաբերում են ոչ թե քաղաքական, ոչ թե լրատվական, այլ` սերիալային և հումորային հաղորդումների գործունեությանը: Քննարկումները հենց այն ֆորմատն է, որով կարելի է գտնել օպտիմալ լուծում»,- նշեց նախաձեռնության անդամը`կաևորելով նաև այն հանգամանքը, որ քննարկումներն ընթանալու են խնդիրը բարձրացրած կազմակերպությունների մասնակցությամբ: