«Ադրբեջանի իշխանությունների համար ներկայումս ամենացանկալի տարբերակը տարածքների վերադարձն ու Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդրի հետաձգումն է, որ սերունդները լուծեն»,- հայտարարել է ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը` Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում մեկնաբանելով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցը: Դա շատ վտանգավոր մոտեցում է, որը չի կարող հանգեցնել խնդրի լուծմանը, նշել է նախարարը: Մենք շատ լավ գիտակցում ենք, որ Ադրբեջանը որեւէ տարածք ստանալուց հետո չի դադարեցնի պայքարը, հայտարարել է Հայաստանի ԱԳՆ ղեկավարը: Դա տարածաշրջանում լարվածությունը ինչ-որ ձեւով թուլացնող միջանկյալ քայլ է եւ երբեք չի դառնա Լեռնային Ղարաբաղի հարցի լուծում, նշել է Վ.Օսկանյանը: Նրա խոսքերով` այսօր խնդրի լուծումը մնում է փաթեթային տարբերակը: Տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության եւ կայունության տեսակետից` նախարարը փաթեթային տարբերակն այլընտրանքային է համարել: Մեր արտաքին քաղաքականությունը ներկայումս հետամուտ է լինում դրան, եւ, կարծում ենք, որ մենք կկարողանանք բանակցությունների սեղանի շուրջ պաշտպանել այն, հայտարարել է Վ.Օսկանյանը: Նշենք, որ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը անհեթեթ է անվանել հայկական կողմից վերահսկվող երեք շրջաններում` Զանգելանում, Ֆիզուլիում եւ Ջեբրաիլում ամերիկյան ռազմակայանների հնարավոր տեղակայման մասին տեղեկատվությունը:





