AM
14 Հոկտեմբեր 2004 - 15:19 AMT

ԵՌԵՎԱՆՆ ՈՒ ՎԱՇԻՆԳԹՈՆԸ ԳՈՀ ԵՆ ԵՐԿԿՈՂՄ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԴԻՆԱՄԻԿԱՅԻՑ

Այսօր Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղար Լորա Քենեդիին: Ինչպես տեղեկացրել է Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում կողմերը մտքերի փոխանակում կատարեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ: Անդրադառնալով հայ-ամերիկյան հարաբերություններին` կողմերը գոհունակությամբ արձանագրեցին դրանց դինամիկ զարգացումը` հատուկ ուշադրություն հատկացնելով տնտեսական բաղկացուցիչին: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ տարածաշրջանային հարցեր, եւ այդ համատեքստում` Իրաքում հետպատերազմյան կարգավորմանն ու այդ գործում հայկական կողմի հնարավոր մասնակցությանն առնչվող հարցեր: Տարածաշրջանային զարգացումների հեռանկարում քննարկվել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորությունները եւ ընդգծվել է այդ հարցում ԱՄՆ դրական դերակատարությունը: Նշենք, որ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը մտահոգություն է հայտնել Թուրքիայի կողմից վարվող տարածաշրջանային զարգացմանը խոչընդոտող շրջափակման քաղաքականության կապակցությամբ: