AM
16 Հոկտեմբեր 2004 - 13:55 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻԱՑՈՒՄԸ «ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉԷ ՎՐԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՎ ՏԱՐԱՆՑՄԱՆԸ

«Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքով Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ բեռնաշրջանառությունը կապված է լուրջ խոչընոտների հետ: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանը հայտարարել է Հայաստանի տրանսպորտային առաքողների միության նախագահ Գագիկ Աղաջանյանը: Նրա խոսքերով` Իրանի տարածքով, որը նույնպես «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի մասնակից է, արգելվում է ալկոհոլային խմիչքների եւ մսամթերքի փոխադրումը, մինչդեռ դա կազմում է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ապրանքաշրջանառության հիմնական մասը: Բացի այդ, Քաջարանի լեռնանցքով երթեւեկությունը, հատկապես ձմռան ընթացքում, խիստ դժվարանում է, եթե առհասարակ հնարավոր է լինում: Մատնանշելով մի շարք տեխնիկական դժվարություններ` Գ.Աղաջանյանը նշել է նաեւ, որ առաջարկվող երթուղով երթեւեկությունն ավելի շատ ժամանակ կպահանջի եւ ավելի թանկ կնստի: Հիշեցնենք, որ Հայաստանում պաշտոնական այցով գտնվող ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինը հայ փոխադրողներին առաջարկել է օգտվել «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքից` որպես այլընտրանք «Վերին Լարս» անցակետի ժամանակավոր փակման, իսկ նախօրեին ՌԴ կառավարությունը հավանություն է տվել «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի մասին համաձայնագրին Հայաստանի միացմանը: