Հայաստանի նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը նախօրեին ընդունել է ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալի Եվրոպայի եւ Եվրասիայի գծով օգնական Լորա Քենեդիին եւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսին: Ինչպես տեղեկացրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, հանդիպման ընթացքում Ս.Սարգսյանը նշել է, որ «հայ ամերիկյան ռազմական հարաբերությունները զարգանում են համաչափ»: Բացի այդ, նախարարն ընդգծել է. «Դա մեզ համար էական է, եւ մենք շարունակելու ենք այդ ճանապարհով առաջ ընթանալ»: Անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցին` Լ.Քենեդին նշել է, որ հանդիսանալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ԱՄՆ պետք է ամեն ինչ անեն, որպեսզի խնդիրը լուծվի խաղաղ ճանապարհով: Շոշափելով ահաբեկչության արդիական թեման, ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչը հայտարարել է. «Ահաբեկչության դեմ պայքարի միակ ճիշտ միջոցը համագործակցությունն է: Իմ երկրի կառավարության եւ անձամբ իմ անունից շնորհակալություն եմ հայտնում ձեզ` Իրաք կոնտինգենտ ուղարկելու պատրաստակամության համար»:





