Նախագահ Սերժ Սարգսյանն հուլիսի 4-ին ընդունել է Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյին:
«Ուրախ եմ պարոն վան Ռոմպոյին առաջին անգամ Երևանում ողջունելու առիթով: Եվրոպական միությունից նման բարձր մակարդակի այցը մեծապես նպաստում է մեր հարաբերությունների հետագա խորացմանն ու ընդլայնմանը»,-ասել է ՀՀ նախագահը:
Սերժ Սարգսյանը նշել է, որ առկա է լիակատար փոխըմբռնում օրակարգում ընդգրկված բոլոր հարցերի շուրջ: «Մենք արձանագրեցինք, որ Հայաստանի և Եվրոպական միության հարաբերություններում առկա է նկատելի առաջընթաց մի շարք ուղղություններով, և վերահաստատեցինք մեր նպատակադրվածությունը` պահպանելու դրական դինամիկան և շարունակաբար զարգացնելու մեր համագործակցությունը»,-ասաց նա:
Հայաստանը վճռական է իրականացնելու լայնածավալ բարեփոխումներ՝ ուղղված մեր երկրի հետագա ժողովրդավարացմանը, օրենքի գերակայության ամրապնդմանը, սոցիալ-տնտեսական իրավիճակի էական բարելավմանը, պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացմանը: Այդ գործընթացում՝ ի դեմս Եվրոպական միության, մենք տեսնում ենք վստահելի գործընկերոջ և աջակցողի: Մենք արդյունավետ քննարկումներ ունեցանք մեր բարեփոխումներին Եվրոպական միության աջակցության վերաբերյալ, հավելեց Սերժ Սարգսյանը:
ՀՀ նախագահը հավելեց նաև, որ հաջողությամբ են ընթանում Հայաստան-Եվրոպական միություն բանակցությունները մի շարք ուղղություններով: Մասնավորապես, մենք նախատեսում ենք մոտ ապագայում ավարտին հասցնել Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի բանակցությունները և սեղմ ժամկետներում ավարտել նաև Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու բանակցությունները: Ընթանում են մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագրի բանակցությունները: Մեր ցանկությունն է, որ դրանք հնարավորինս արագ ավարտվեն` լայն հնարավորություններ ստեղծելով մեր երիտասարդների, արվեստագետների, գիտնականների, մարդկանց միջև շփումներն ընդարձակելու համար:
Իր հերթին Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյը հավելեց, որ «իր համար մեծ պատիվ է առաջին անգամ լինել Հայաստանում, մի երկրում, որը շատ բան է տվել Եվրոպայի պատմական ու մշակութային առումով»: «Մենք շավ առաջընթաց ենք տեսնում Հայաստան-ԵՄ հարաբերություններում, այդ թվում նաև Ասոցացման համաձայնագրի և Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու բանակցություններում»,-ասաց նա: Նա հիշեցրեց, որ արդեն փետրվարին մեկնարկել է մուտքի արտոնագրերի ռեժիմի մեղմացման գործընթացը՝ հորդորելով ՀՀ նախագահին առավելագույնս օգտվել «Արևելյան գործընկերության» հնարավորություններից: Նշելով Վարշավայում արձանագրված առաջընթացը՝ Վան Ռոմպոյը հույս հայտնեց, որ հաջորդ գագաթաժողովում Վիլնյուսում ևս առաջընթաց կլինի:
Վան Ռոմպոյը նշեց Հայաստանի հաջողությունները միջազգային չափանիշների ներդրման, ժողովրդավարացման, կոռուպցիայի վերացման, քաղաքացիների իրավունքների պաշտպանության ու խոսքի ազատության պահպանման ճանապարհին: «Դուք ճիշտ ուղու վրա եք: ԵՄ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը Հայաստանին «ավելին ավելիի դիմաց» սկզբունքով: Վան Ռոմպոյը հայտարարեց, որ Հայաստանին հատկացվող օգնությունը կաճի 25 տոկոսով՝ կազմելով 15 մլն եվրո:
Վան Ռոմպոյը հուլիսի 3-4-ին կլինի Հայաստանում, որից հետո կմեկնի Վրաստան և Ադրբեջան:





