ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի Խմբի շրջանակներում ղարաբաղյան հակամարտության գծով իրական բանակցային ձեւաչափի վերականգնման անհրաժեշտությունը: Այդ մասին Ա.Ղուկասյանը հայտարարել է Ամերիկայի Հայկական համագումարի ներկայացուցիչների հետ Ստեփանակերտում կայացած հանդիպման ժամանակ: Նախագահի խոսքերով, հիշյալ ձեւաչափում Լեռնային Ղարաբաղը հակամարտության հավասարազոր կողմ է: Միայն այդ դեպքում կարելի է գտնել խնդրի կարգավորման կառուցողական լուծում, նշել է նախագահը: Նա նաեւ իր երախտագիտությունն է հայտնել ԱՀՀ-ին, որի ակտիվ լոբբիստական գործունեության շնորհիվ ԱՄՆ կառավարությունը Լեռնային Ղարաբաղին տրամադրում է ամենամյա մարդասիրական օգնություն: Ինչպես նշել է Ա.Ղուկասյանը, այսօր ԱՄՆ-ն միակ պետությունն է, որը պաշտոնական աջակցություն է ցուցաբերում Ղարաբաղին:





