Այսօր Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որի ընթացքում քննարկվել է Եվրոպայի խորհրդի առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը: Խորհրդակցության ժամանակ Ազգային Ժողովի փոխնախագահ Տիգրան Թորոսյանը ներկայացրել է տարբեր օրենքների բարեփոխումների մասով հանձն առած պարտավորությունների կատարման ընթացքը եւ ժամանակացույցը: Մասնավորապես նշվել է, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովը ներկայացրել է իր կարծիքը, որի հիման վրա կշարունակվի օրենսգրքի լրամշակումը: Ռ.Քոչարյանը նշել է, որ «պետք է եւս մեկ անգամ ճշտել պարտավորությունների կատարման առումով որտեղ ենք հասել, նոր ժամանակացույց ընդունել»: Ըստ նախագահի, կմնա միայն Սահմանադրական բարեփոխումների փաթեթը, որը կապված է հանրաքվեի հետ:





