AM
23 Հոկտեմբեր 2004 - 13:58 AMT

ՔՈՉԱՐՅԱՆԸ ԵՎ ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻՆ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ «ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿՈՆԿՐԵՏ ՀԱՐՑԵՐ»

«Մենք շատ լավ հանդիպում ունեցանք փոխադարձ հարցերի շուրջ եւ գործնականում տեղի ունեցավ ամբողջական փոխըմբռնում ամբողջ սպեկտրով»,-երեկ հայտարարել է Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլին եռօրյա պաշտոնական այցով Թբիլիսիյում գտնվող Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ համատեղ ասուլիսում: Իր հերթին Հայաստանի ղեկավարը նշել է, որ այցը Վրաստան առաջինը չէ նրա համար, սակայն «յուրաքանչյուր այց չափազանց կարեւոր է հաշվի առնելով մեր հարաբերությունների այն մեծ օրակարգը, որը կա եւ ընդլայնվում է տարեցտարի»: Խոսելով ասուլիսին նախորդած երկու պետությունների ղեկավարների հանդիպման մասին` Ռ.Քոչարյանը հաղորդել է, որ դրա ընթացքում քննարկվել են «մեր համագործակցության շատ կոնկրետ հարցեր»: Նրա խոսքերով, հիմնական շեշտը դրվել է տնտեսության հետ կապված հարցերի վրա, մասնավորապես` տրանսպորտի, էներգետիկայի, օրենսդրության ներդաշնակեցման, մաքսային հարաբերությունների, ոստիկանական կառույցների համագործակցության ոլորտներում: Հայաստանի նախագահը նշել է նաեւ, թե Երեւանում զգում են, որ «Վրաստանի գործադիր իշխանությունները հստակ վերահսկում են իավիճակը, եւ որ երկրի առաջընթացը շոշափելի է», եւ ընդգծել է, որ «դա մեզ ձեռնտու է»: