ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության հետաքննության բաժանմունքում սկսվել է հետաքննություն երեկ` հուլիսի 8-ին, Երևան քաղաքի Աճառյան փողոցում գտնվող «Հարսնաքար» համալիրի մոտ անցկացված մոմավառության ժամանակ Ռուբեն Հայրապետյանի կողմից «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության դիտորդ Արման Վեզիրյանին հարվածելու գործով։
Ոստիկանության լրատվական բաժնի հաղորդմամբ, բացատրություն տալու համար նույն բաժանմունք է հրավիրվել Արման Վեզիրյանը, ով հայտնել է, որ տեղի ունեցած միջադեպի առումով բողոք չի ներկայացնելու, իսկ Ռուբեն Հայրապետյանից որևէ պահանջ չունի: Միաժամանակ Արման Վեզիրյանը հրաժարվել է դատաբժշկի ուղեգիր ստանալուց և դատաբժշկական փորձաքննության ներկայանալուց:
«Նկատի ունենալով, որ լրատվամիջոցների հրապարակումներում վերը նկարագրված ենթադրյալ գործողությունները կարող են քրեական գործ հարուցելու հիմք հանդիսանալ ոչ այլ կերպ, քան տուժողի բողոքի հիման վրա, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին»–նշված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։





