AM
10 Հուլիս 2012 - 08:27 AMT

Օգոստոսի 10-12-ը ուխտագնացություն կկազմակերպվի դեպի Ռումինիայի Հաճկատար վանք

Ռումինիայի Սուչավա քաղաքի Հաճկատարի վանքի հիմնադրման 500-ամյակի առթիվ օգոստոսի 10-12-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հովանավորությամբ կիրականացվի ուխտագնացություն և կմատուցվի Ս. Պատարագ: Այս մասին հաղորդում են Ռումինիայի Հայոց թեմի մամլո դիվանից։

«Ռումինահայ և այժմ ամերիկաբնակ Հակոբ Գույումճյանի մեծազնիվ նվիրատվության և ռումինական իշխանությունների իրականացրած աշխատանքների շնորհիվ լիովին նորոգվել է Հաճկատարը և այս տարի Տիրամոր Վերափոխման տոնին` օգոստոսի 12-ին այստեղ մատուցվելիք հայրապետական Ս. Պատարագի ելևէջներն ու Տաթևի վանքի զանգի ղողանջները ոչ միայն ազդարարելու են Հաճկատարի պատմության առաջին հինգ հարյուր ամյակի ավարտը, այլև երկրորդ հինգ հարյուր ամյակի սկսվելը»,–նշված է մամլո դիվանի տարածած հայտրարության մեջ։

Քանի որ Հաճկատարը նվիրված է Տիրամորը, գլխավոր ուխտագնացությունը թե´ հայերի և թե´ ռումինացիների կողմից կատարվում է Տիրամոր Վերափոխման տոնին:

Հաճկատարում է գտնվում նաև Տաթևի վանքի զանգը, որի վրայի արձանագրությունում ասվում է, որ այն պատրաստվել է 1244թ.: