Նախօրեին ԱՄՆ կառավարության պաշտոնական տեղեկատվական կայքը տարածել է պետքարտուղար Քոլին Փաուելի հայտարարությունը, որտեղ ասվում է, որ «Միացյալ Նահանգները աշխատում են Հայաստանի եւ Ադրբեջանի հետ, որպեսզի կարողանան ինչ-որ բան անել Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ»: Ընդ որում, ինչպես հաղորդել է «ՄիԿ» գործակալությունը, մի քանի օր առաջ Մերձդնեստրում է գտնվել ԱՄՆ պաշտոնական պատվիրակությունը` եվրասիական հակամարտությունների գծով ամերկյան պետդեպարտամենտի հատուկ բանագնաց Սթիվեն Մանի գլխավորությամբ: Մեկնաբանելով այդ հարցը Բաքվի «Էխո» թերթին` ադրբեջանցի քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը նշել է. «Չի կարելի մտածել, թե մեր հակամարտությունը նույնանման է մերձդնեստրյանին միայն այն պատճառով, որ այդ հարցով զբաղվելու համար ԱՄՆ-ն նշանակել է ԵԱՀԿ Լեռնային Ղարաբաղի գծով ՄԽ համանախագահ Ս.Մանին»: Նրա խոսքերով, կան բավականին էական տարբերություններ այդ հակամարտությունների միջեւ, սակայն, այնուամենայնիվ, պետք է հաշվի առնել, որ երկուսն էլ տեղի են ունենում հետխորհրդային տարածքում եւ որ կենտրոնական իշխանություններրը եւ Մոլդովայում, եւ Ադրբեջանում չեն վերահսկում իրենց այդ տարածքները: «Այդ իրողությունը ստեղծում է նման իրավիճակ, թեեւ հասկանալի է, որ հակամարոտւթյունների գենեզիսը եւ կարգավորման ձեւաչափը ունեն բազմաթիվ տարբերություններ, որոնք պետք է հաշվի առնվեն»,-ասել է Ռ.Մուսաբեկովը: Նշելով, որ Ամերիկան ընտրությունների նախաշեմին է եւ դեռեւս հայտնի չէ, կմնա արդյոք իր պաշտոնում Քոլին Փաուելը, քաղաքագետը նշել է, որ չարժե մտածել, թե Փաուելի խոսքերին կհաջորդեն «ԱՄՆ-ի ակտիվ գործողությունները ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ»:





