AM
11 Հուլիս 2012 - 11:31 AMT

Վ. Մատվիենկո. Հայաստանի ու ՌԴ միջև կա միջխորհրդարանական գործակցության հսկայական չօգտագործված ներուժ

Ռուսաստանի ու Հայաստանի խորհրդարանները պետք է կարևոր դերակատարություն ունենան երկու երկրների հարաբերությունների ամրապնդման գործում: Այդ մասին հայտարարել է ՌԴ Դաշնությունների խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանի հետ համատեղ ճեպազրույցում:

«Մենք տեսնում ենք միջխորհրդարանական համագործակցության հսկայական չօգտագործված ներուժ: Եվ գլխավոր եզրակացությունը, որ ես կարող եմ անել, այն է, որ Դաշնությունների խորհուրդը և Հայաստանի ԱԺ-ն միասնական են այն հարցում, որ մենք բարեկամներ ենք, ռազմավարական դաշնակիցներ, մեզ շաղկապում է հոգևոր ընդհանրությունն ու բազմադարյա պատմությունը, ինչը լուրջ հիմք է ստեղծում հարաբերությունների սերտացման համար»,-ասել է Մատվիենկոն:

Մատվիենկոն գոհունակությամբ նշել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը ռազմավարական գործընկերներ են և երկխոսություն են վարում ամենատարբեր ուղղություններով:

Իր հերթին Աժ խոսնակ Հովիկ Աբրահամյանը համաձայն էր Վալենտինա Մատվիենկոյի հետ այն հարցում, որ համագործակցությունը բարձր մակարդակում է և վստահություն է հայտնել, որ նրա այցը կնպաստի երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացմանը: