Նախօրեին ՄԱԿ-ի գլխավոր հանձնաժողովը քննարկել է Ադրբեջանի մշտական ներկայացուցչի խնդրանքը` Ադրբեջանի «օկուպացված» տարածքների իրավիճակի մասին կետի ընդգրկումը Գլխավոր ասամբլեայի օրակարգում: Համաձայն կազմակերպության պաշտոնական սայթում տեղադրված տեղեկատվության` 9 «կողմ» եւ 14 ձեռնպահ ձայներով Հաձնաժողովը երաշխավորել է հարցի ընդգրկումը օրակարգում: Նշենք, որ ադրբեջանական կողմից ներկայացված փաստաթուղթը բովանդակում է բացատրական հուշագիր, որում, մասնավորապես, ասվում է, որ այդ հարցով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի գործողությունները ոչ մի արդյունք չեն տվել, քանի որ այդ տարածքներում իրականացվում են անօրինական գործողություններ, մասնավորապես, նրանք բնակեցվում են, որպեսզի արհեստականորեն ստեղծեն նոր ժողովրդագրական իրավիճակ: Ի պատասխան այդ հայտարարության` ՄԱԿ-ում Հայաստանի դեսպանը նշել է, որ առաջինը` գոյություն է ունեցել Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Հանրապետություն, որը եղել է եւ այժմ էլ հայաբնակ է: Երկրորդ` Ղարաբաղի շրջակա տարածքներն անցել են ղարաբաղցի հայերի հսկողության տակ պատերազմի արդյունքում, ոորն սկսել էր Ադրբեջանը` նպատակ ունենալով զրկել խաղաղ բնակչությանը ինքնորոշման իրավունքից: Ակնհայտ է, ասել է նա, որ Լեռնային Ղարաբաղի սահմաններից դուրս, հայկական զինված ուժերի կողմից հսկվող տարածքներում նման քաղաքականություն չի տարվում:





