«Ադրբեջանի կողմից նախաձեռնած` ՄԱԿ-ում Լեռնային Ղարաբաղի վերահսկողության տակ գտնվող տարածքների հարցի քննարկումն ավելորդ անգամ ապացուցում է, որ ադրբեջանական կողմը շահագրգռված չէ Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի հարաբերություններում առկա խնդիրների ողջ շրջանակի կարգավորմամբ»: Այս մասին այսօր հայտարարել է ԼՂՀ արտաքին գործերի փոխնախարար Մասիս Մաիլյանը` մեկնաբանելով ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի Կոմիտեի որոշումը` ընդգրկել տվյալ հարցի քննարկումը 59-րդ նստաշրջանի օրակարգում: «Բաքվի նման ոչ կառուցողական գործողություններն անհաղթահարելի խոչընդոտներն են ստեղծում փախստականների եւ վերաբնակների խնդրի լուծման համար եւ կարող են ի չիք դարձնել տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության եւ կայունության շուտափույթ հաստատմանն ուղղված միջազգային միջնորդների ջանքերը», – նշել է ԼՂՀ փոխնախարարը: Եթե Ադրբեջանը ցանկանար խնդրի լուծման համար բարենպաստ մթնոլորտ ստեղծել, նշել է Մ.Մաիլյանը, ապա կարձագանքեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների բազմաթիվ առաջարկներին` վերսկսել լիաֆրմատ բանակցությունները, որոնք հանդիսանում են հակամարտության լուծման ամենաարդյունավետ միջոցը:





