AM
12 Հուլիս 2012 - 10:51 AMT

Իշխող կուսակցությունը քաղաքականացնում է խնդիրը իր լռությամբ. Լարիսա Ալավերդյանը «Հարսնաքարի» միջադեպի մասին

«Վահե Ավետյան» նախաձեռնող խմբի անդամ Լարիսա Ալավերդյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսելով «Հարսնքար»-ի դեպքերի մասին ասաց, որ իրեն վիրավորում է, երբ ասում են, որ Վահե Ավետյանի մահվան գործով արդար դատավարության համար պայքարը քաղաքականացվում է: Ըստ նրա` դեպքը քաղաքական վերլուծության ենթարկելը պարտադիր է:

«Հենց իշխող կուսակցությունն է քաղաքականացնում խնդիրն իր լռությամբ», – ասաց Ալավերդյանը` հավելելով, որ խնդիրը կարելի է քաղաքականացնել նաև լռությամբ. «Ինչ էլ այժմ անում են իշխանությունները, ոչ մի հստակ գնահատականով ու հայտարարությամբ հանդես չեն գալիս»:

Աճառյան 29 հասցեում գտնվող ՀՀԿ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում հունիսի 17-ին ծեծի էին ենթարկվել ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը, նույն հոսպիտալի բժիշկ Արտակ Բայադյանը և ՊՆ ավագ լեյտենանտ Գարիկ Սողոմոնյանը:

Հունիսի 29-ին, ծեծից հետո այդպես էլ գիտակցության չգալով, մահացել է ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ՊՆ բուժծառայության մայոր 35-ամյա Վահե Ավետյանը: