AM
1 Նոյեմբեր 2004 - 18:27 AMT

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒՄԸ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆԸ ՇԱՀԱՎԵՏ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ, ԳՏՆՈՒՄ Է ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՏՆՕՐԵՆԸ

Եվրամիությանը Թուրքիայի անդամակցումը ձեռնտու է Հայաստանին, քանի որ վերջինս կունենա ընդհանուր սահման Եվրամիության հետ: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանում եւ ԼՂՀ-ում Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը: «Ես դժվարությամբ եմ կարողանում պատկերացնել, որ Թուրքիան կկարողանա անդամակցել ԵՄ-ին առանց Հայոց ցեղասպանության ճանաչման եւ Հայաստանի հետ սահմանի ապաշրջափակման»,- նշել է նա` ավելացնելով, որ Հայաստանի հետ կապված այդ երկու հարցերը պետք է լուծվեն: «Ինչպե՞ս ԵՄ-ն կարող է թույլ տալ մի երկրի անդամակցությունը, որը շրջափակման մեջ է պահում հարեւան պետությունը»,- ընդգծել է նա: Ա.Վարդանյանի խոսքերով, մյուս կողմից ԵՄ-ին Թուրքիայի անդամակցումը շահավետ կլինի Հայաստանին: Իհարկե, կարող են ծագել նաեւ այլ խնդիրեր, սակայն Եվրոպայի հետ ընդհանուր սահմանի առկայությունը խիստ շահավետ է Հայաստանի համար, ասել է Արփի Վարդանյանը: